ԱՀ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ըստ որի՝ իրեն զանգահարել է գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմել է, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:
Նիկողոսյանը նշել է, որ մինչև Զոհրաբյանի հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:
«Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:
Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն զանգահարել է գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմել է, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: «Հետո հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»,-նշել էր նա։