Ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն քաղաքացիներին հնարավորություն կտրվի ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար: Որոշման այս նախագիծը տեղադրված է ԱՆ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ առցանց տարբերակով հանրային քննարկման և քվեարկության:
Խոսքը «ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին է:
Այդ փոփոխությամբ առաջարկվում է, որ ՀՀ քաղաքացին կամ փախստականը կորած նույնականացման քարտի փոխարեն 5-րդ աշխատանքային օրը 10.000 դրամ գանձվող վճարի դիմաց հնարավորություն կունենան նոր նույնականացման քարտ ստանալ:
Այժմ գործող կարգավորումներում առկա է միայն կորած նույնականացման քարտի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և երրորդ աշխատանքային օրը, որոնց համար սահմանված է համապատասխանաբար 40.000 և 20.000 դրամ գումարի վճարման պահանջ:
Որպես ակնկալվող արդյունք՝ նշվում է, որ փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը:
Նախագծի վերաբերյալ կարծիք կարող եք հայտնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







