Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը հղում անելով՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը, րոտեղից նշել են, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելուց հետո՝ հունիսի 19-ին, դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ իր՝ 18.06.2020թ. կայացրած համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Ստացված դիմումի քննարկման համար դատավոր Նիկողոսյանը հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







