Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Նա բուժաշխատողներին համեմատել է հայրենիքն անձնվիրաբար պաշտպանող զինվորների հետ։ «Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր»։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, բուժաշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:
Վարչապետը կրկին անգամ դիմել է ՀՀ քաղաքացիներին պահպանելու հակահամաճարակային կանոնները։
«Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծով կարող ենք թեթևացնել մեր բժիշկների ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքներ»,-գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







