Շիաուլյայի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը:
Լիտվայում Հայաաստանի դեսպանությունից տեղեկանում ենք , որ այսօր՝ ունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։
8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ տեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։
Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանություններով հանդես եկան Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի ԱԳՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռասա Կաիրիենեն, Լիտվայի խոշորագույն Սանտարիշկես և Պանիվեժեսի հիվանդանոցների տնօրենները։
Լիտվայի առողջապահության նախարարը նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս է հայտնել, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշեց, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։
Դեսպանը նաև նշեց, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







