Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը մեկնաբանեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն դիտարկումը, ըստ որի խոսում ենք միայն հեռուստատեսությունների մասին, բայց նրանք ի վերջո նշաձող սահմանողներն են և այդ խաղի կանոններով սկսում են խաղալ բոլորը, եթե չապահովենք պատժի և պատասխանատվության կանչման մեխանիզմները, մենք անընդհատ ունենալու ենք մանիպուլյացիաներ:
«7 տարին մեկ լիցենզավորմամբ կամ տարին մեկ զեկույցով ուղղակի չենք կարողանալու վերահսկել, դրանք իրավական հետևանք չեն ունենալու: Չե՞ք կարծում, որ այստեղ կա ավելի խիստ գործիքակազմի անհրաժեշտություն, արդյոք քննարկվե՞լ է դա այս օրենքի նախագիծը կազմելիս» ,- հարցրեց Գորգիսյանը։
Իմքայլական Վահագն Թևոսյանը հայտարարեց, որ փորձել են անել օրենքով ամեն հնարավորը, որ եթերային կոնտենտը հայաֆիկացվի, և դա լինի առանց տնտեսվարողների էական ջանքերի։
Թևոսյանը նշեց, որ Գորգիսյանի հարցը վերաբերում էր 7-րդ հոդվածին, որն ինքն արդեն նշել է, որ բեռնաթափել են էականորեն: Նա նկատեց, որ խոսքի ազատության մասով մտավախություն ունեն այդ հարցում, որովհետև եթե ընդդիմությանը կամ իշխանությանը լսող մարդիկ հայտնվեն ՀՌՀ-ում, ապա կարող են այս կամ այն ալիքը փակել։ Պատգամավորն ասաց, որ ունի մի առաջարկ, որը դեռ չեն քննարկել՝ փորձել կարգավորումն ու ինքնակարգավորումը մոտեցնել իրար, ու այդ ամենը որպես համերաշխության պայմանագիր ունենալ։
Գորգիսյանի դիտարմանը, թե ցանկացած օլիգարխ կարող է բացել իր լրատվական կայքը, կամ նույն հեռուստատեսության ետևում կանգնած գումարներով, ով պատրաստ է ամիսը երկու միլիոն տրամադրել մեզնից յուրաքանչյուրի մասին հերյուրանք տարածելու համար, գնալ դատարաններ, դատարաններում էլ գործերը մի քանի ամիս կարող են տևել և ամեն օր սուտ լուր տարածել։
«Ես պատժի մեխանզիմների մասին եմ խոսում, գրաքննության մասին չեմ խոսում: Ես խոսում եմ, որ եթե հանրային մարդու արժանատվությանը, պատվին վնաս է պատճառվել՝ սուտ լուրեր տարածելով, սույն անձնավորությունը կարողանա դատական ակտի միջոցով խիստ պատասխանտվության ենթարկի տվյալ լուր տարածողին, ես դա տեսնում եմ որպես միակ ճանապարհ ապատեղեկատվության դեմ պայքարում, որովհետև ցանկացած այլ բան գալիս է խոսքի ազատությունը սահմանափակելուն, սա նաև կլինի զսպաշապիկ այն բոլոր ալիքների և կայքերի համար, որոնք զբաղված են ֆեյք նյուզ տարածելով»,- նշեց նա:
Թևոսյանն պատասխանեց, որ համաձայն է, բայց դա միևնույն է այդ ձևով պետք է արվի, որովհետև կարգավորող մարմինը չի կարող ինքնուրույն որոշել, որ մարդը վիրավորվել է։
«Խնդիրը հետևյալն է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում լրատվամիջոցն ինքը կամ հստակ ձևակերպված գործողություններ պետք է անի կամ չանի, կամ դրանց արանքում գոյություն ունեցող լղոզված իրականությունը պիտի կարգավորի սեփական էթիկական նորմերով»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







