Ազգային ժողովում գլխավոր դատախազի ելույթից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ Արթուր Դավթյանին չի հաջողվելու համոզել, որ նշված գործով Գագիկ Ծառուկյանին մեղադրելու որևէ փաստական հիմք կա։
Իր խոսքում Արթուր Դավթյանն արձագանքեց, որ ինքը խորհրդարանում է հենց այդ համոզմունքն առաջ մղելու համար ու դրա նպատակով ներկայացրել է փաստերի մի փոքր մասը, որոնք հիմնավորում են գործի հետ Ծառուկյանի անմիջական կապը։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա ըստ Դավթյանի՝ Հայաստանի օրենսդրությունն իրեն թույլ է տալիս ԱԺ-ում ելույթով հանդես գալ միայն մեղադրանքի առաջադրման փուլում, հետևաբար՝ խուզարկության վերաբերյալ թույլտվության կարիք չի եղել։
Քննարկումը շարունակվեց և Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան։
«Դրանց մասով մինչ օրս որևէ զարգացում, ուսումնաասիրություն չկա, քրեական գործ չի հարցուվել: Ես հասկանում եմ, թե ինչո՞ւ չի հարցուվել, քանի որ այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»,-հայտարարեց Տոնոյանը։
Տոնոյանի այդ հայտարարությունից հետո իմքայլական պատգմավորներից որոշները տեղից արձագանքեցին, ինչին նա պատասխանեց. «Կարող եք չծվծվալ տեղից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







