Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները
«Հրապարակ» օրաթերթ.
- «Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում»,-գրել է թերթը՝ հավելելով, որ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։ «Նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասել է ոլորտի պատասխանատուն:
Թերթի հարցին, թե Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան, նշվել է. «Նախ, հնարավոր է եւ ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, եւ ապա` հարգելի պատճառ է` հետ են գնում իրենց երկիր»: Թերթի աղբյուրը հայտնել է, որ այդ մասին պատահական են իմացել, և այժմ վարակվածները հիվանդանոց են տեղափվել և իսկ օդանավի 70 ուղևորները պետք է մեկուսանան։ Առհասարակ, ինչքա՞ն է տեւելու այս սոդոմ-գոմորը։ «Առժամանակ հետո պիկ կգրանցվի, թվերը կբարձրանան, ապա կիջնի ալիքը, սակայն աշնանը կրկին խնդիրներ կունենանք»,-ասել է թերթի աղբյուրը:
- «Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են»,-գրում է թերթը։ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել:
«Բացի այդ՝ պահանջել է պետական պահպանություն, ինչը չի եղել նախկինում: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մերժել եւ հարցը չորով փակել, ուստի Բաբայանին բացատրել է, որ պետական համակարգում առանց այն էլ նոր հաստիքներ են ավելացել, սակայն ավելի շատ անհանգստություն ունի ոչ այնքան բյուջեի վրա ծախս ավելացնելու, որքան Բաբայանի դիրքերն ուժեղանալու առումով: Ի դեպ, Արցախի արդարադատության նորանշանակ նախարար Սիրան Ավետիսյանը նույնպես Բաբայանի թիմակիցն է»,-գրել է թերթը։
- «Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին»,-գրում է թերթը։ Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում։ Նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաեւ Արսեն Թորոսյանի անունները:
«Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք, եւ վատ չի լինի, որ կառավարության ձախողումների բեռը դրվի ոմանց վրա, եւ արդյունքում վերականգնվի իր անկում գրանցած վարկանիշը»,-գրում է թերթը։
- Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրել է թերթը նախագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»: Ինչո՞ւ եք հանել։ «Որովհետեւ, ըստ էության, հասարակական կազմակերպությունը եւ տնտեսվարողը` շահույթ հետապնդող կազմակերպությունը, գրեթե նույն իրավազորություններն ունեն, տարբերությամբ, որ ուղղակի ՀԿ-ն շահույթ չի բաշխում, այլ շահույթը տնօրինում է կանոնադրական նապատակների համար, իսկ տնտեսվարողը շահույթը բաշխում է, իսկ եթե երկուսին էլ տնտեսվարման իրավասություն է տրված, ապա մեդիա-ծառայությանը դիտարկելով որպես տնտեսվարման ձեւ, զրկել ՀԿ-ներին դրա իրավունքից, կարծում եմ` իրավունքի խախտում է»,-նշել է Թևոսյանը՝ հավելելով, որ նախապես գրված էր այլ բառ, որը հետո խմբագրվեց. «Գրված էր` «քաղաքական-հասարակական» եզրույթ, եւ քանի որ դիտարկել ենք, որ քաղաքականը կուսակցություններն են, ընդամենը տեխնիկական խնդիր է եղել՝ շտկել ենք, ուրիշ խնդիր չի եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթ - Օրաթերթը տեղեկացել է, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները նվազել են: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ թիվը կազմել 139 հազար 619: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է 12 տոկոս անկում. 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 158 հազար 672: «Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը զգալի պակասել է: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս դեպքում անկումը կազմել է 14.6 տոկոս, այսինքն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ ժամանել են 311 հազար 264 ուղեւոր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանողները կազմել են 364 հազար 489»-գրել է թերթը։
- Օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։ Թերթին հայտնի է դարձել, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Թերթի աղբյուրները չեն բացառել, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմանբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար։ Հարցաքննության իսկության վերաբերյալ կդիմենք ԱԱԾ եւ ստանալուն պես կհրապարակենք պաշտոնական պատասխանը»։
«Ժամանակ» օրաթերթ
- Թերթի տեղեկությամբ՝ Կառավարությունը պատրաստվում է Գլխավոր դատախազությունում ստեղծել նոր վարչություն՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող անվամբ: «Հենց այս վարչությանն է վերապահված լինելու զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերմամբ և բռնագանձմամբ: Վարչությունը ունենալու է բավական մեծ աշխատակազմ՝ վարչության պետ, տեղակալ, ավագ դատախազ և դատախազներ»-գրել է թերթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







