Գորիսում երկու մարդու կյանք խլած նռնակի պայթյունը տեղի է ունեցել կենցաղային վիճաբանության ժամանակ, հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Գերատեսչության տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել Գորիս քաղաքի Թոզքափ թաղամասում՝ գերեզմանատան մոտ։ Դեպքի մասին իրավապահ մարմինները հաղորդում են ստացել հունվարի 25-ին՝ ժամը 17:05-ին:
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում պայթել է 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը։ Պայթյունի հետևանքով Յոլյանն ու 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչն ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են, հավելել են ոստիկանությունում:
Այսօր ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 155-րդ (սպանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարով, 2 դրվագ), 44-155-րդ (սպանության փորձը) և 335-րդ (զենքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով) հոդվածների հատկանիշներով։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպի հետևանքով մահացած Արմենը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է ու նրա հեռավոր ազգականը, իսկ վնասվածքներ է ստացել արցախցի մի երիտասարդ: Պայթյունի պատճառ է դարձել վարորդի և նրա ազգականի միջև երկարամյա վեճը, որը ծագել է տան բաժանման պատճառով, որը վերածվել է ծեծկռտուքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







