Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը զգուշացրել է Հայաստանին Ռուսաստանից հեռանալու վտանգների մասին, գրում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ Տոլստոյը նշել է, որ հայ երիտասարդության ու հայ հասարակության մեջ սերմանում են, թե Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի։ Խորհրդարանականը Հայաստանին կոչ է արել չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարելի է, և ստանալ դրանք միաժամանակ նաև Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին՝ «Խնդրում ենք՝ զանգեք, մի բան արեք, դիմեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը, մեր տղաները մահանում են, նրանց դագաղներն են բերում ճակատից»։ Իսկ այսօր այս պատգամավորներն այլևս չկան։ Հիշեցնեմ, որ արյունալի պատերազմն այն ժամանակ դադարեցրեց Պուտինը»,- ընդգծել է Պետդումայի փոխխոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







