Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության, սոցիալական ցանցում գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։
«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է»,- գրել է նա։
Տաթևիկ Կարապետյանն ընդգծել է, որ այսօր միայն խոսքեր չեն պետք։
«Մեր ընտանիքը միշտ ժողովրդի կողքին է։ Երկրի համար ամենադժվար պահերին պաշտպանել և պահպանել ենք արդարությունը։ Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։ Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք»,- եզրափակել է նա։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնել։ Թքած ունեմ ցանկացած ՀԷՑ-երի վրա, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդն իր խոսքը կասի, իրենք հասկանալու են: Չմոռանաք, բոլորին դաս կտանք»,- նախքան ոստիկանություն տեղափոխվելը՝ իր տան մոտ, հայտարարել էր Կարապետյանը: