«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը, Armenia Today-ին հայտնել նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա հավելել է, որ երկամսյա կալանքի տակ գտնվող Ավանեսյանը հացադուլը դադարեցրել է կուսակացության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո։
Անդրադառնալով Կանդազի առողջական վիճակին՝ փաստաբանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, Ավանեսյանն իրեն լավ է զգում, թեպետ ճնշման բարձրացում է ունեցել։
Ավանեսյանին ապրիլին ձերբակալել էին ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ 2 ամսով կալանք էր կիրառել, ինչից հետո՝ ապրիլի 29-ին, Կանդազը հացադուլ էր հայտարարել։
Կանդազը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում։ Կուսակցությունում գործողությունները նաև քաղաքական հետապնդում են համարում։
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ






































