Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել է ՄԽՎ մամուլի ծառայությունը։
Պլատֆորմը թույլ կտա զբոսաշրջիկներին օպերատիվ կերպով ուղարկել դիմումներն ու բողոքները, ստանալ իրավաբանական օգնություն, իսկ պրոֆիլային կառույցներին՝ վերլուծել խնդրահարույց իրավիճակները:
Ռազմավարական նստաշրջանն անցկացվել է Տավրիկյան պալատում և նվիրված էր արտակարգ իրավիճակներում ԱՊՀ երկրների փոխգործակցությանն ու զբոսաշրջիկներին ցուցաբերվող օգնությանը: Համագործակցության պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ազգային փորձը:
Լեռնային հանգստավայրերի եվրասիական դաշինքի ներկայացուցիչն, իր հերթին, պատմել է «Սեզոն առանց սահմանների» ծրագրի մասին, որը միավորում է ԱՊՀ 4 երկրի լեռնային հանգստավայրերը, ինչպես նաև փորձի փոխանակման, համատեղ մարզումների անցկացման և զբոսաշրջիկների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով լեռնային պարեկների ֆեդերացիա ստեղծելու ծրագրերի մասին:
Նստաշրջանի արդյունքներով մասնակիցները կողմ են արտահայտվել ԱՊՀ ՄԽՎ-ին կից զբոսաշրջության անվտանգության հարցերով աշխատային խմբի ստեղծմանը, որում կընդգրկվեն Համագործակցության երկրների պրոֆիլային գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:






































