«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը, որը գտնվում է«Վարդաշեն» ՔԿՀ-ում, հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր դեմ կիրառված կալանքի, Armenia Today-ին հաստատել է կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ սա տեղի ունեցող գործընթացներին հասարակության ուշադրությունը հրավիրելու ծայրահեղ քայլ է։
Մելոյանն ընդգծել է՝ հանգամանքը, որ մարդը տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է հայրենիքի համար պայքարին, անտեսվում է նման «ծայրահեղ անհեթեթ և փաստազուրկ միջամտությունների» պայմաններում։ Նրա խոսքով՝ այս քայլերի նպատակն է մեկուսացնել տվյալ անձին և, ակնհայտ քաղաքական շարժառիթներից ելնելով, նրան հեռացնել ընտրական գործընթացներից։
Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցողը տվյալ անձի անհամաձայնության և անհաշտության դրսևորումն է։
«Ցավում եմ, որ Ավանեսյանն ստիպված է դիմել նման ծանր միջոցների՝ իր ձայնը լսելի դարձնելու համար, սակայն դա նրա որոշումն է, որի հետ պետք է հաշտվել»,- ասել է իրավապաշտպանը։
Մելոյանի խոսքով՝ այս որոշումը նաև նրա ձայնը լսելի կդարձնի այն հարթակներին, որոնք արտոնված են որպես մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ։
«Ամենակարևորը՝ լիահույս եմ, որ այս գործողությունը կհասնի մեր ժողովրդին․ մարդն այսպիսի ծայրահեղ քայլերի դիմում է, երբ իր ձայնը, արդարության պահանջը լսելի չեն լինում, և սա սթափության կոչ է մեր հանրությանն՝ առաջին հերթին»,- նշել է Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին: Մեղադրանքն առնչվում է կաշառք առաջարկելուն կամ խոստանալուն:




































