Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս մասին, հղում անելով աղբյուրին, հայտնել է իսրայելական Haaretz թերթը։
«Քնեսեթը չի անցկացրել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցով քվեարկությունն Ադրբեջանի ճնշման պատճառով»,- գրել է պարբերականը։
Թերթի աղբյուրի պնդմամբ՝ Հաջիևը դիմել է Իսրայելի վարչապետի գրասենյակին՝ խնդրելով հարցը չդնել քվեարկության, որից հետո Նեթանյահուն որոշել է արգելափակել դրա քննարկումը։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի ներկայացուցիչները Բաքվին հավաստիացրել են, որ հարցը հանվել է խորհրդարանի օրակարգից։ Իսրայելի վարչապետի գրասենյակը և Հաջիևը չեն պատասխանել Haaretz-ի հարցումներին։
Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և համագործակցում են ռազմական, էներգետիկ և հետախուզական ոլորտներում։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին։ Այն պետք է դրվեր Քնեսեթի քվեարկությանը։ Թուրքական կողմն անմիջապես արձագանքել էր այս նախաձեռնությանը՝ այն համարելով «չարամիտ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի վերջին, անդրադառնալով հրեական պետության նախաձեռնությանը, նշել էր, որ հայկական կողմն արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում՝ համարելով, որ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։ Հուլիսի 13-ին հունական ProtoThema հրատարակությունը գրել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկով պայմանավորված՝ Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության առաջխաղացման գործընթացը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին և ցուցաբերում է ռազմատեխնիկական օգնություն։
The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը պատերազմի օրերին հայտարարել էր, որ Իսրայելը զինում է վարձկաններին, որոնք Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից, և իսրայելական իշխանություններին առաջարկել էր հումանիտար օգնությունն ուղարկել ոչ թե Երևանին, այլ հենց նրանց։





































