«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավանեսյանը բերման է ենթարկվել, մամուլում շրջանառվող լուրերը հաստատել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ Ավանեսյանին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Թե ինչ մեղադրանքով, նա չի մանրամասնել։
«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքներն իրականացնողներին պետք է փոխենք հայերի երազանքները իրականացնողներով»,- հայտարարել է Կարապետյանը։
Armenia Today-ը հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայություն, սակայն առայժմ որևէ պատասխան չի տրվել։
Կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանն ավելի ուշ հայտնել է, որ Ավանեսյանին ձերբակալել են ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով։ Հովսեփյանի փոխանցմամբ՝ Ավանեսյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում։
Հովսեփյանը նաև տեղեկացրել է, որ Ավանեսյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, բայց որևէ ապօրինի առարկա չեն հայտնաբերել։
Նա նշել է, որ այս քայլով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երազանքը, որին 30 տարի չէր հաջողվել ձերբակալել պատերազմի հերոսին։
«Վստահ եմ՝ Կանդազը հիմա հայրենասիրության դասեր է տալիս, ինչպես ինքն է ասում՝ մարտական լիցքավորված է»,- ասել է Հովսեփյանը։
Հակակառուպոցիոն կոմիտեն, հրապարակելով ձայնագրություն, տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանի» համակրի կողմից ենթադրյալ «ընտրակաշառքի» խոստում է տրվել։ Հաղորդվում է 4 ձերբակալվածի և նշված մեղադրանքով հանրային քրեական հետապնդում հարուցու մասին։
Ավանեսյանը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Նա կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի համակարգողն է։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կարապետյանը մարտին ասել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Թարմացված է՝ 27.04.2026 | 17:06






































