ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներքին քննարկումներին լավատեղյակ ամերիկացի պաշտոնյայի։
Պաշտոնյան նշել է, որ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունները սահմանափակվում են հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար զինամթերքի նվազող պաշարներով, ինչպես նաև ամերիկյան ռազմական տեխնիկային հասցված վնասով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ չունի գործողություններն անվտանգ շարունակելու համար։ Ռազմական փորձագետները նաև հայտնել են, որ ամերիկյան ուժերը պատրաստ չեն Իրանի տարածքում հնարավոր ցամաքային գործողություններին։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 17, հնարավոր է՝ 18 ամերիկացի զինծառայող, ավելի քան 430-ը վիրավորվել է։ Վերջին շաբաթվա ընթացքում Իրանը բազմիցս թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ հարվածների իններորդ գիշերվա ընթացքում թիրախավորել է իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և առափնյա դիտարկման օբյեկտները, ծովային միջոցները, հրթիռների ու անօդաչուների արձակման կայանները և կապի ցանցերը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Նասր-2» գործողության 21-րդ ալիքի ընթացքում բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանի Աքաբայի օդանավակայանում գտնվող ամերիկյան C-17 ռազմատրանսպորտային և P-8 ծովային պարեկային ինքնաթիռները։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ ինքնաթիռներից մի քանիսը լուրջ վնասներ են կրել։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ ավելի վաղ Հորդանանի Ալ Ազրաք շրջանում ոչնչացրել է ամերիկյան զինուժի տեղակայման համար օգտագործվող 20 անգար, ինչի հետևանքով, իրանական կողմի պնդմամբ, տասնյակ ամերիկացի զինծառայողներ են զոհվել։
Հորդանանի զինված ուժերը հայտնել են երկրի ուղղությամբ արձակված իրանական չորս հրթիռից երեքը խոցելու մասին։ Չորրորդ հրթիռն ընկել է երկրի հարավում գտնվող անմարդաբնակ տարածքում՝ չպատճառելով զոհեր կամ նյութական վնաս։
Հորդանանի կառավարությունը նաև հայտարարել է, որ Աքաբայի օդանավակայանն ու նավահանգիստը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով, իսկ դրանց տարհանման հրաման չի տրվել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման հուշագիր, սակայն հուլիսի 7-ից կողմերը վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Հուլիսի 12-ին Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անցումը կվերականգնվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Հուլիսի 18-ին CENTCOM-ը հայտնել էր Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքի ավարտի մասին, իսկ ԻՀՊԿ-ն սպառնացել էր անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների։ Ավելի վաղ Իրանը Հորմուզի նեղուցն անվանել էր «կարմիր գիծ» և սպառնացել հարվածել Պարսից ծոցի ենթակառուցվածքներին։






































