Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը:
Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել էր օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում Թովմասյանն իրավունք ուներ գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ։
Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։
Մեղադրանքի մեջ նշվում է, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել էր նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս էր պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էր գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։
Թովմասյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում մի քանի տարի է տևել։ Նա պարբերաբար բարձրաձայնել է, որ գոնե մեկ ապացույց առկա չէ, գեթ մեկ ցուցմունք չի տրվել այն մասին, որ ինքը կապ է ունեցել նոտարական տարածքի հետ։ Նա հայտնել է նաև, որ իր դեմ սկսված գործընթացի նպատակն իրեն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելն էր, իսկ մինչև քրեական հետապնդում հարուցելն իրեն բազմիցս առաջարկել են հրաժարական տալ։
Մեղադրական դատավճռից հետո Թովմասյանը նաև ՍԴ դատավորի կարգավիճակից է զրկվել։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:




































