Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, հայտնում են կառույցի պաշտոնական տվյալները։
Հայաստանի ցուցանիշը կազմել է 0,503, իսկ Ադրբեջանինը՝ 0,538: Ընդ որում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ավելի բարձր է արձանագրվել՝ 8556 դոլար՝ Ադրբեջանի 7284 դոլարի դիմաց: Երկու երկիրն էլ դասվել են եկամուտների միջինից բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքին:
Չանդլերի ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր ցուցանիշը 2021 թվականի համեմատ նվազել է։ Հինգ ուղղությամբ արդյունքների վատթարացումը գերազանցել է «Ուժեղ ինստիտուտներ» և «Բնակչության բարեկեցության բարձրացմանն աջակցում» կատեգորիաների աճը:
Միևնույն ժամանակ, 2025-2026 թվականներին Հայաստանը պահպանել կամ բարելավել է ցուցանիշները 7 հիմնական ուղղությունից 5-ով: Ամենանշանակալի աճը գրանցվել է պետական ֆինանսների կառավարման ոլորտում: Վարկանիշի հեղինակները դա կապել են, մասնավորապես, 2025 թվականին տեղեկատվական համակարգի ներդրման հետ, որը միավորել է նախարարությունների հաշվապահական հաշվառումը, կադրերի կառավարումն ու գանձապետական գործառույթները:
Լավագույն դիրքերը Հայաստանն ստացել է պետական ծախսերի արդյունավետության գծով՝ 17-րդ տեղ, ազգային բրենդով՝ 30-րդ, տվյալների հետ աշխատանքով՝ 45-րդ և միջազգային դիվանագիտությամբ՝ 46-րդ տեղ:
Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են երկարաժամկետ տեսլականի (112-րդ տեղ), բյուրոկրատիայի որակի (104-րդ տեղ), լոգիստիկ կարողությունների (102-րդ տեղ), ինչպես նաև ադապտացվողականության և անձնագրի ուժի (94-ական տեղ) գծով:
Հիմնական ուղղություններով Հայաստանն զբաղեցրել է 57-րդ տեղը պետական ֆինանսների կառավարման ոլորտում, 61-րդը՝ օրենսդրության և քաղաքականության կայունությամբ, 64-րդը՝ գլոբալ ազդեցությամբ ու հեղինակությամբ, 77-րդը՝ ինստիտուտների ուժով, 81-րդը՝ շուկայի գրավչությամբ և 89-րդը՝ առաջնորդությամբ ու ռազմավարական տեսլականով:
Վարկանիշում առաջին տեղը չորրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Սինգապուրը: Նորվեգիան բարձրացել է երկրորդ հորիզոնական, Դանիան պահպանել է երրորդ տեղը: Չանդլերի ինստիտուտի տվյալներով՝ 2026 թվականին ցուցանիշները բարելավել է ինդեքսում ներառված 120 երկրների 61%-ը:






































