«Միասնության թևեր» կուսակցությունը դատապարտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ՝ դրանք որակելով հրապարակային մեղադրանք և իրավապահ մարմիններին ուղղված քաղաքական հրահանգ։
«Միասնության թևերը» հայտարարել է, որ վարչապետի հայտարարությունները կապվում են Դրմեյանի ընդդիմադիր քաղաքական գործունեության և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված լինելու հետ՝ պնդելով, որ դա քաղաքական հետապնդման դրսևորում է։
Քաղաքական ուժը նաև արձագանքել է Գլխավոր դատախազության գործողություններին՝ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանց ընթացք տալը, իրենց գնահատմամբ, հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը նախապես համաձայնեցված գործողությունների մասին է։
Կուսակցությունը պահանջել է, որ իրավապահ մարմինները գործեն բացառապես օրենքի շրջանակում, ապահովեն Դրմեյանի իրավունքների պաշտպանությունը և բացառեն նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում։ Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ կօգտագործեն բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ իրենց կուսակցի իրավունքները պաշտպանելու համար։
Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանն իրավապահ մարմիններին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոչ էր արել ստուգել Դրմեյանի գործունեությունը, բանկային հաշիվներն ու ունեցվածքը՝ պնդելով, որ նա «սպասարկել է մասնավոր ընկերության շահերը»։ Փաշինյանի հայտարարությունից մի քանի ժամ անց հայտնի էր դարձել, որ դատախազությունն ստուգում էր սկսել Դրմեյանի հնարավոր հանցագործության վերաբերյալ։
Փաշինյանի հայտարարությունը հնչել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ արբիտրաժային վեճի համատեքստում։ Գործի քննությունը գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում՝ 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի հիման վրա։
Արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրը 2025 թվականի հուլիսի 22-ին պարտավորեցրել էր Հայաստանին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագանձման հետագա քայլերից։
Այդ ժամանակ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ հրատապ արբիտրի որոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Փաշինյանը, հակառակը, հայտնել էր, որ կառավարությունը չի պատրաստվում կատարել ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները սահմանափակող որոշումը և հայտարարել էր, որ այլ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիր իշխանությունը։
Դրմեյանը վարչապետի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատվել էր 2025 թվականի օգոստոսի 29-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






