Հինգ իրավապաշտպաններ Մասիսի համայնքապետի թեկնածու, «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորել՝ նրան անվանելով քաղբանտարկյալ, իսկ «Ընդդիմադիր համախմբումը» նրա ազատազրկումը գնահատել է որպես Մասիսի ՏԻՄ ընտրություններին ուղղակի միջամտություն։
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 27-ի որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ շարունակ ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։
Նրանց կարծիքով՝ Համբարձումյանի նկատմամբ տարբերակված մոտեցման նպատակը նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքապետի ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելն է։
«Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը»,- ասված է իրավապաշտպանների հայտարարության մեջ։
Իրավապաշտպանները հավանական են համարել, որ դատարանի որոշումը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը չեղարկելու՝ իշխող ուժի մտադրությամբ։
«Ընդդիմադիր համախմբումն» իր հերթին իշխանություններին մեղադրել է քաղաքական մրցակիցների նկատմամբ իրավապահ և դատական համակարգերն օգտագործելու մեջ։
«Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին»,- ասված է համախմբման հայտարարության մեջ։
Համախմբումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վրա։ Այն նաև Մասիսի բնակիչներին կոչ է արել չընկրկել ճնշումների առջև և մասնակցել դեկտեմբերի 13-ի ընտրություններին։
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին՝ Մասիսի ՏԻՄ ընտրություններից 16 օր առաջ, օրինական ուժ էր տվել ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի համայնքապետի թեկնածու Համբարձումյանին ազատազրկման դատապարտելու դատավճռին։ Զենքի գործադրմամբ խուլիգանության համար նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը։Նույն թեմայով
Համբարձումյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, այնուհետև նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին բեկանել էր առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ Համբարձումյանին ազատելով տնային կալանքից։ Այսպիսով դատարանն օրինական ուժ է տվել Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:
Մասիսի ավագանու ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։ Համայնքապետի պաշտոնին հավակնում են ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանը և «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Համբարձումյանը հայտարարել էր, որ ազատազրկման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դաշինքը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրական պայքարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






