Կանադացի բանաստեղծ, գրող և թարգմանիչ Էնն Քարսոնը դարձել է 2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնել է Շվեդական ակադեմիան։
Քարսոնը մրցանակին արժանացել է «համարձակ և նորարարական ստեղծագործության համար, որը դասական ավանդույթի հետ աշխույժ խաղային երկխոսության մեջ ստեղծել է ժամանակակից գրականության նոր ձևեր»։
Ակադեմիայի գնահատմամբ՝ Քարսոնի գրեթե ամբողջ ստեղծագործությունը կենտրոնացած է բանասերի՝ բառերի հանդեպ մոլուցքի և բանաստեղծի՝ նոր իմաստների ձգտման հատման կետում։ 76-ամյա Քարսոնը, խաղադրույքներ ընդունող ընկերությունների գնահատմամբ, այս տարվա ֆավորիտների թվում էր։
Քարսոնը ծնվել է 1950 թվականին՝ Տորոնտոյում։ Նա բանաստեղծ է, էսսեիստ, թարգմանիչ և դասական բանասիրության մասնագետ։ Նա սովորել է տեղի համալսարանում, որտեղ ստացել է նաև դոկտորի աստիճան, այնուհետև դասավանդել է Կանադայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում՝ այդ թվում Մակգիլի, Միչիգանի, Նյու Յորքի և Փրինսթոնի։
Քարսոնի ստեղծագործության առանցքային թեմաներից է անտիկ գրականության և դիցաբանության վերաիմաստավորումը։ Նրա ամենահայտնի գործերից է 1998 թվականին լույս տեսած Autobiography of Red («Կարմիրի ինքնակենսագրությունը») չափածո վեպը, որտեղ Հերակլեսի և Գերիոնի մասին հին հունական առասպելը տեղափոխվում է ժամանակակից միջավայր։
Նրա հայտնի գործերից են նաև Eros the Bittersweet («Դառնաքաղցր Էրոսը»), The Beauty of the Husband («Ամուսնու գեղեցկությունը»), Nox («Գիշեր»), Red Doc («Կարմիր Դոք») և Norma Jeane Baker of Troy («Տրոյացի Նորմա Ջին Բեյքերը») ստեղծագործությունները։ Վերջինում՝ 2019 թվականի ներկայացման տեքստում, Եվրիպիդեսի «Հեղինե» պիեսի հերոսուհու պատմությունը միահյուսված է Մերիլին Մոնրոյի կյանքին։
Քարսոնը նաև թարգմանել է հին հունական հեղինակների, այդ թվում՝ Սապֆոյի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ստեղծագործությունները։ Ակադեմիայի խոսքով՝ նրա թարգմանությունները կարելի է դիտարկել որպես ինքնուրույն ստեղծագործություններ։
Այս տարի Նոբելյան մրցանակի դրամական մասը կազմում է 12 մլն շվեդական կրոն՝ մոտ 1,2 մլն դոլար։ Մրցանակը Քարսոնին կհանձնվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։
Նախորդ տարի գրականության Նոբելյան մրցանակին արժանացել էր հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






