Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում, «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ավելի քան 10 տարվա ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ մոտ երեք անգամ։ Միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին, նրա տվյալներով, հասել էր 12,4 մլրդ դոլարի, մինչդեռ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 26-27 մլրդ դոլար։
«Մենք, իհարկե, հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մասնակից մյուս պետությունների հետ միասին»,- հայտարարել է Օվերչուկը։
Հայտարարությունը հնչել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տեսակապով էր մասնակցում նիստին, հայտարարել էր ԵԱՏՄ շրջանակում համագործակցության շարունակման հանձնառության մասին՝ միաժամանակ մատնանշելով հայկական արտադրանքի արտահանման համար պահպանվող սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները։
Ռուսաստանը մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակումներ էր կիրառում հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկան, կաթնամթերքի և ալկոհոլային արտադրանքի։
Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին։
Առևտրային սահմանափակումների ֆոնին՝ Մոսկվան նաև կոչ էր արել Երևանին կողմնորոշվել ԵԱՏՄ-ում հետագա անդամակցության և ԵՄ-ին անդամակցելու քաղաքականության միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



