ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ են սահմանել 13 անձի և կազմակերպությունների նկատմամբ, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում, Հոնկոնգում և Պակիստանում, փոխանցել է Reuters-ը։
Ըստ Վաշինգտոնի՝ նրանք աջակցել են Իրանին՝ զենքի և ռազմական նշանակության բաղադրիչների ձեռքբերման հարցում։ Սահմանափակումներն ուղղված են Թեհրանի ռազմական ծրագրերը վերականգնելու կարողությունները թուլացնելուն։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի որևէ աջակցություն Իրանի ռեժիմին։
Պատժամիջոցները, մասնավորապես, կտարածվեն Պեկինում Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սեյեդ Ասղար Ալիզադե Թաբաթաբայի, իրանական Kavoshcom Asia հետազոտական խմբի, Հոնկոնգի EC Mojo Technology ընկերության և նրա ներկայացուցիչ Լի Ֆենի, պակիստանյան Cavalier Group պաշտպանական ընկերության ղեկավար Վասիմ Փաշա Թաջամալի, ռուսական «Յակովլևի անվան փորձնական-կոնստրուկտորական բյուրոյի», «ՄԳ-Ֆլոտ» նավագնացային ընկերության և իրանական Saha Airlines ավիաընկերության նկատմամբ։
Ոլորտի մասնագետների մի մասը թերահավատորեն է վերաբերվում այդ քայլերի արդյունավետությանը։ Obsidian Risk Advisors-ի փորձագետ Բրեթ Էրիկսոնի խոսքով՝ այս պատժամիջոցներն էապես չեն ազդի Հորմուզի նեղուցում հրթիռներ և անօդաչու սարքեր կիրառելու Իրանի կարողությունների վրա։
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող ընկերությունների դեմ։ Օգոստոսին Վաշինգտոնն սկսել էր «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն էր։ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։
Չնայած Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու նոր ալիքին՝ Հայաստանը պահպանում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







