Չնայած Վաշինգտոնի կողմից Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու նոր ալիքին և մի շարք երկրներում իրանական ինքնաթիռների սպասարկման արգելքներին՝ Հայաստանը պահպանում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ, տեղեկացնում է Brecorder-ը։
ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթի հայտարարության համաձայն՝ Նահանգները լայնամասշտաբ արշավ է սկսել՝ պահանջելով աշխարհի պետություններից սահմանափակել իրանական ավիաընկերությունների չվերթերն ու բանկային գործարքները։ Արդյունքում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքն ու Օմանը չեղարկել էին իրանական ավիափոխադրողների թռիչքների թույլտվությունները, իսկ Թուրքիան սահմանափակել է Mahan Air ընկերության մուտքը։
Այդուհանդերձ, ըստ իրանական լրատվականների, Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է (Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Պակիստանի շարքում), որտեղ դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթերը շարունակում են անխափան իրականացվել։
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող ընկերությունների դեմ։ Օգոստոսին Վաշինգտոնն սկսել էր «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն է։ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







