«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ գործը քննվում է գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հատկանիշով (Քրեական օրենսգրքի 264-րդ՝ գույքը ոչնչացնելը կամ վնասելու հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետեր, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով-խմբ․)։
Կոմիտեից նաև տեղեկացրել են, որ դեպքի առնչությամբ ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, մարվել` 4 ժամ անց։ Հրդեհի հետևանքով երկու հրշեջ-փրկարար էր տուժել, մի շարք փողոցներ՝ հոսանքազրկվել։ ՀԷՑ-ը հնարավոր հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







