Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:08

ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է տուժել

ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է տուժել

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ենթակայանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է ժամը 21:10-ին, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։ Երկու հրշեջ-փրկարար թունավորվել է ծխից, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել էր ժամը 17:07-ին։ Դեպքի վայր էին մեկնել Փրկարար ծառայության ստորաբաժանումներ, օպերատիվ խմբեր և ոստիկաններ։ Հրդեհի մարմանը մասնակցել է 11 հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկ։

Ժամը 20:10-ին հրդեհը մեկուսացվել էր, իսկ մեկ ժամ անց՝ ամբողջությամբ մարվել։ Դեպքի վայրում հերթապահություն է սահմանվել։

Տրանսֆորմատորում մինչև 30 տոննա յուղ կար

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հրդեհը խոշոր էր։ Այն բռնկվել էր տրանսֆորմատորներից մեկում, որտեղ մոտ 25-30 տոննա յուղ  կար։

«Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը մյուս հատված, որպեսզի չբռնկվի ևս շուրջ 30 տոննա յուղ, ինչպես նաև շատ մեծ աշխատանք են կատարել, որպեսզի կրակն ընդհանրապես դուրս չգա տարածքից»,- ասել է Սարգսյանը։

Փրկարարները թույլ չեն տվել նաև, որ կրակը տարածվի հարակից խոտածածկ և բուսակածածկ տարածքներ։

Հրդեհի մարման ժամանակ տուժել է երկու հրշեջ-փրկարար։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։

Շուրջ 5000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության

Հրդեհը հանգեցրել է Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ընդհատումների։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ առանց էլեկտրականության է մնացել շուրջ 5000 բաժանորդ, հիմնականում՝ Կենտրոն վարչական շրջանում։

«Շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկված է, հիմնականում՝ Կենտրոն վարչական շրջանում, սակայն արդեն մի քանի ժամվա ընթացքում բոլորի էլեկտրամատակարարումը կվերականգնվի, քանի որ աշխատանքներ են իրականացվում այլ սնուցման աղբյուրներից միացում ապահովելու ուղղությամբ»,- ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի բոլոր պատասխանատու ստորաբաժանումները հրդեհի սկզբից գտնվել են դեպքի վայրում։

ՀԷՑ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀԷՑ-ը հնարավոր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Պետրոսյանի խոսքով՝ ընկերության մասնագետները քիչ հավանական են համարում, որ նման մասշտաբի հրդեհը բռնկվել է բացառապես սովորական էլեկտրատեխնիկական պատճառներով։ Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ ՀԷՑ-ն առայժմ որևէ վարկած չի բացառում։

«Մենք որևէ վարկած չենք բացառում։ Վաղն առավոտյան կանցկացվի բոլոր ստորաբաժանումների և հերթապահների ծառայողական քննություն՝ դիսպետչերական ծառայությունից մինչև այն մասնագետները, որոնք հերթապահություն են իրականացրել ենթակայանում և դրա հետ կապված օբյեկտներում։ Գնահատական կտրվի բոլոր աշխատակիցների գործողությունների իրավաչափությանը»,- հայտարարել է Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը չի բացառում «արտասովոր» արտաքին կամ ներքին գործողությունների հնարավորությունը և անհրաժեշտ է համարում իրավապահ մարմինների լիարժեք քննությունն ու հրդեհի հետևանքների փորձաքննությունը։

Միևնույն ժամանակ՝ Պետրոսյանն ընդգծել է, որ հաղորդումը չի նշանակում, թե ընկերությունը որևէ մեկին կասկածում է դիտավորյալ գործողությունների մեջ։

«Սա ինստիտուցիոնալ մոտեցում է, և այստեղ որևէ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ»,- ասել է նա։

ՆԳՆ մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ հրդեհի ճշգրիտ պատճառի մասին խոսելը դեռ վաղ է։ Դեպքի հանգամանքներն ու հնարավոր վարկածները պետք է ուսումնասիրեն քննչական մարմինները։

Ենթակայանի վիճակը կգնահատվի սարքավորումների հովացումից հետո

Հրդեհաշիջումից և սարքավորումների հովացումից հետո մասնագետները կգնահատեն ենթակայանի վիճակը։ Եթե այն պիտանի լինի հետագա շահագործման համար, ՀԷՑ-ը նախատեսում է մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնել այն և տեղադրել տրանսֆորմատորային նոր սարքավորումներ։ Իսկ եթե օբյեկտը պիտանի չլինի, դրա հզորությունները կբաշխվեն այլ ենթակայանների միջև, և այդ տարածքում կկառուցվի նոր ենթակայան։

Պետրոսյանը նաև հայտնել է, որ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ աշխատում է Մոնթե Մելքոնյանի պողոտայի շրջանում հողամաս ձեռք բերելու ուղղությամբ։ Այնտեղ նախատեսվում է կառուցել խոշոր, ժամանակակից բարձրավոլտ ենթակայան, որը կապահովի հարակից շրջանների, այդ թվում՝ նորակառույց տարածքների էլեկտրամատակարարումը և կթեթևացնի առկա ենթակառուցվածքների բեռնվածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+