Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է ժամը 21:10-ին, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն։ Հրդեհի մասին ահազանգն ստացվել էր ժամը 17:07-ին, ժամը 20:10-ին հրդեհը մեկուսացվել էր։
Հրդեհը մարելու աշխատանքների ընթացքում երկու հրշեջ-փրկարար ծխահարվել էր, նրանցից մեկը՝ հոսպիտալացվել։
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ մի քանի ժամ մնացել էին առանց էլեկտրականության։ ՀԷՑ-ի տվյալներով՝ անջատումը վերաբերում էր մոտ 5000 բաժանորդի։ Ընկերությունը խոստացել է առաջիկա ժամերին այլընտրանքային տարբերակով վերականգնել էլեկտրամատակարարումը։
Ընկերությունը նաև իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



