Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ ձերբակալել է մոտ 100 ցուցարարի, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից առաջ, փոխանցել է «Ալ Ջազիրան»։
Ձերբակալվածների թվում են «Օսկարի» դափնեկիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը, «Էմմիի» մրցանակակիր Հաննա Այնբինդերը, Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի թեկնածու Դարիալիզա Ավիլա Շևալյեն և Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Չի Օսսեն։
«Հրեական ձայն հանուն խաղաղության» (Jewish Voice for Peace) իրավապաշտպան խմբի կազմակերպած ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ։ Ցուցարարները սպիտակ շապիկներով էին և վանկարկում էին «Ֆինանսավորեք մարդկանց, ոչ թե ռումբերը» և «Ազատ Պաղեստին» կարգախոսները։
Ցուցարարները փակել են երթևեկությունը, ինչից հետո ոստիկանությունը շրջապատել է մայթին նստած և վանկարկող ցուցարարներին ու նրանց տեղափոխել ոստիկանական ավտոբուսներ։
Նեթանյահուի ելույթի ընթացքում տասնյակ պատվիրակներ, ի նշան բողոքի, լքել էին Գլխավոր ասամբլեայի դահլիճը։
Պաղեստինամետ մեկ այլ ցույց անցկացվել է նաև Նյու Յորքի հանրային գրադարանի աստիճաններին։
Գազայի պատերազմն սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելը պատասխանել էր Գազայի հատվածում լայնածավալ ռազմական գործողություններով։
ՀՀ-ն մոտ 46 000 դոլար էր հատկացրել Գազայում երեխաների բուժման նպատակով։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի վերջին հասանելի ընդհանուր տվյալներով՝ ապրիլի 28-ի դրությամբ Գազայից մասնագիտացված բուժման համար բժշկական տարհանման կարիք ուներ ավելի քան 18 500 մարդ, այդ թվում՝ շուրջ 4000 երեխա։ Հուլիսի վերջին հրապարակված զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գազայից արտերկիր էր տարհանվել ևս 81 մարդ, այդ թվում՝ 13 երեխա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







