Ապամոնտաժվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան ապօրինի պարիսպը, հայտնել է Գլխավոր դատախազությունը (ԳԴ):
Ըստ գերատեսչության՝ Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների և շենք-շինությունների վերաբերյալ պետական շահերի պաշտպանության հայցն այժմ դատարանի վարույթում է։
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող 70 հողամասում քանդվել էր ապօրինի կառուցված 205 հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը լուծել և դադարեցրել էր վարձակալության 2 պայմանագիր։
Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները նաև հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին՝ պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







