ԱՄՆ կոնգրեսի 12 անդամ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և պաշտպանված վերադարձը, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Կոնգրեսականներն իրենց հայտարարությունները հնչեցրել են Կապիտոլիումում ANCA-ի կազմակերպած՝ Արցախի իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցել են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Վինս Ֆոնգը, Ջիմ Կոստան, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Ջիմ Մաքգովերնը և այլ օրենսդիրներ։
Շերմանը հիշեցրել է, որ փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը դատավճիռ էր կայացրել 16 հայի նկատմամբ։ Նա նաև նշել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսին 44 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել էր իր առաջարկած փոփոխությունը, որով պահանջվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։
Կոնգրեսական Վալադաոն, անդրադառնալով արցախահայերի վերադարձի հարցին, վկայակոչել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է հնարավորություն տա տեղահանված հայերին անվտանգ վերադառնալ։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող նշանակել, որ ընտանիքները պետք է համակերպվեն իրենց տներ երբեք չվերադառնալու հետ։
Միջոցառման ընթացքում բարձրացվել է նաև Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցը։ Կոնգրեսականներից մի քանիսը կոչ է արել հետաքննել հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման դեպքերը և սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգության աջակցությունը։
ANCA-ի կազմակերպած երկօրյա նախաձեռնությանը մասնակցել է ավելի քան 100 ակտիվիստ՝ ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգից։ Կազմակերպության տվյալներով՝ նրանք այցելել են Ներկայացուցիչների պալատի 435 և Սենատի 100 գրասենյակ՝ բարձրացնելով հայ գերիների ազատ արձակման, արցախահայերի վերադարձի և հայկական ժառանգության պաշտպանության հարցերը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







