ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 44 «կողմ» և 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է լրամշակում H.R. 9087 օրինագծում, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին, հայտնել է ANCA-ն։
Նախաձեռնության հեղինակն է Կոնգրեսի հայկական խմբակցության փոխնախագահ, ներկայացուցիչ Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)։ Նախագծին աջակցել է նաև հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը (հանրապետական, Ֆլորիդա)։
Քվեարկությունից հետո կոնգրեսական Շերմանը նշել է, որ հպարտ է հանձնաժողովի որոշման համար և շարունակելու է պայքարը Ադրբեջանում ապօրինաբար պահվող ու բռնությունների ենթարկվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ռազմագերիների ազատ արձակումն առանցքային քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու գործընթացում։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և ընդգծել, որ հայ պատանդների ազատ արձակումը, արցախցիների անվտանգ վերադարձը և հայկական տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը խաղաղության անվիճելի նախապայմաններ են, այլ ոչ թե Բաքվի համար սակարկման առարկա:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։






































