ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով նախարարությունում և ենթակա ծառայություններում պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից կամ ծառայությունից, կատարվել են նաև նոր նշանակումներ, հայտնել են ՆԳՆ-ից։
Նախարարությունից հստակեցրել են, որ նշանակումներն ու ազատումները մայիս-սեպտեմբեր ամիսներին են տեղի ունեցել։
ՆԳ նախարարությունում Արման Գևորգյանը նշանակվել է 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, իսկ Արթուր Սահակյանը՝ կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։
Ոստիկանության մի շարք տարածքային ստորաբաժանումներում նոր ղեկավարներ են նշանակվել։
Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, իսկ Վահան Հակոբյանը՝ Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ։
Նոր ղեկավարներ են նշանակվել նաև համայնքային ոստիկանության Տարոնի, Թումանյանի, Տաշիրի, Վեդիի, Կենտրոնական և Նաիրիի բաժիններում։
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև պարեկային ծառայությունում և ոստիկանության գվարդիայում։ Մասնավորապես, Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար։ Գվարդիայի մի շարք ստորաբաժանումներում ևս նշանակվել են նոր ղեկավարներ։
Միաժամանակ՝ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանը, Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետ Վաղինակ Մինասյանը, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանը և Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ու Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Փրկարար ծառայությունից ազատվել է նաև Քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանը։
Բացի այդ, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնում։ Երեք ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ևս մեկը՝ զբաղեցրած պաշտոնից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







