Բաբ էլ Մանդեբի նեղուցով նավագնացության դադարեցումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել, հայտնել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Իբրահիմ ալ Հաշմին, փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Աշխարհն առանց այն էլ բավականաչափ տուժում է Հորմուզի նեղուցի փակման հետևանքով, և մենք չենք կարող թույլ տալ, որ այս ամենին ավելանա նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցի փակումը»,- ասել է ալ Հաշմին։
Նրա խոսքով՝ Կատարը կողմ է ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով կարգավորելուն։
Նախորդ շաբաթ հութիները հարձակողական գործողության արդյունքում վերահսկողություն էին հաստատել Կարմիր ծովի՝ Եմենի ամբողջ ափամերձ հատվածի և Բաբ էլ Մանդեբի նեղուցին հարող տարածքների նկատմամբ, գրում է «Ինտերֆաքսը»։ Միաժամանակ՝ շարունակվում են հութիների և Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ հարվածները։
Բաբ էլ Մանդեբի նեղուցը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ և համաշխարհային ծովային առևտրի առանցքային երթուղիներից մեկն է։ Նեղուցով անցնող նավերը շարժվում են դեպի Սուեզի ջրանցք՝ ապահովելով Ասիայի և Եվրոպայի միջև ծովային հաղորդակցության կարևորագույն ուղիներից մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







