Բրիտանական The Guardian թերթը հայ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» վավերագրական ֆիլմն անվանել է «հիշողության խոր ստեղծագործություն», որն անդրադառնում է հայերի մի քանի սերունդի կրած հոգեբանական վերքերին։
Ֆիլմը նկարահանվել է երեք տարվա ընթացքում և ավարտվել 2023 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, Արցախի իշխանությունները, հետագա ռազմական գործողությունների և ոչնչացման սպառնալիքի պայմաններում, ստորագրել էին հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիր։
Ֆիլմը պատմում է երկու դեռահաս տղայի՝ Սամվելի և Ավոյի մասին, որոնց կյանքն ու մեծանալը ծավալվում են տարիներ շարունակվող հակամարտության և դրա հետևանքների ֆոնին։
Ֆիլմի սկզբում Սամվելն ու Ավոն շրջում են Թալիշ գյուղի հրետակոծությունից ավերված դպրոցում և գտնում նախկին դասընկերների թողած տետրերը։ Դպրոցում երեխաները սովորում են զենք գործածել, իսկ ընտանեկան հավաքույթների ժամանակ երգում են ռազմական քաջությանը նվիրված երգեր։ The Guardian-ը նշում է, որ զինվոր դառնալու հեռանկարը նրանց շրջապատում ընկալվում է որպես գրեթե կանխորոշված։
Միևնույն ժամանակ, Պազումյանը խուսափում է ազգայնական հռետորաբանությունից և կենտրոնանում հակամարտության մարդկային արժեքի վրա։
Այդ պատմություններից մեկը երիտասարդ հայ զինվոր Էրիկի ճակատագիրն է։ Ռեժիսորը սկզբում նրան ներկայացնում է որպես եռանդուն նորակոչիկ, իսկ հետագայում՝ ռազմաճակատից վերադարձած և վերականգնողական բուժում ստացող զինվոր, որը կորցրել է ոտքը։
The Guardian-ն ընդգծում է նման տեսարանների հուզական ազդեցությունը և ֆիլմն անվանում «հիշողության խոր ստեղծագործություն»՝ միաժամանակ նշելով, որ ֆիլմում հակամարտության ավելի լայն քաղաքական և սոցիալական համատեքստը բավարար չափով ներկայացված չէ։
«Սև այգին» սեպտեմբերի 4-ից հասանելի է True Story հարթակում։
Արցախի հայ բնակչությունը տասնամյակներ շարունակ ապրել է հակամարտության և ռազմական գործողությունների պայմաններում, որոնց ամենամասշտաբային փուլերից մեկը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր։
Պատերազմից հետո Բերձորի միջանցքը մնացել էր Արցախի միակ ցամաքային կապը Հայաստանի հետ։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակել էր միջանցքը, ինչը հանգեցրել էր գրեթե մեկ տարի տևած մարդասիրական շրջափակման և սննդի ու այլ անհրաժեշտ ապրանքների լուրջ պակասի։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ։ Ռազմական գործողությունների դադարեցումից հետո սկսվել էր հայ բնակչության զանգվածային արտագաղթը. մի քանի օրվա ընթացքում տասնյակ հազարավոր բնակիչներ լքել էին Արցախը և տեղահանվել Հայաստան։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ՝ ներքին տեղահանված անձանց թիվը հասել էր 100 632-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






