Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Բնակիչներին հորդորել են մինչև ջրի որակի վերականգնումը չօգտագործել այն։ Հետազոտությունն իրականացվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել է ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։
Մասնագետները բնակչի տնից ջրի նմուշ են վերցրել։ Լաբորատոր հետազոտությամբ նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Քանի որ նախկին հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։
ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ Կենտրոնը նախատեսում է կանխարգելիչ համայցեր իրականացնել։
Կառավարությունն ու համայնքը մինչև խնդրի կարգավորումը կապահովեն բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրով։ Միաժամանակ՝ միջոցներ են ձեռնարկվում ջրի աղտոտման պատճառը պարզելու նպատակով։
Ավելի ուշ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ չի սպասարկում Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը, ուստի բնակավայրի խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերն ընկերության պատասխանատվության շրջանակից դուրս են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







