ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլան քննարկել են երկու երկրի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության` հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին՝ Լեհաստանում, կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։ Հանդիպմանը մասնակցել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։
Ասրյանն աշխատանքային այցով Լեհաստանում է սեպտեմբերի 7-ից, որտեղ ներկա էր Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը և մի շարք հանդիպումներ էր ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ասրյանի այցը տեղի է ունենում Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման ֆոնին։ Սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ ՀՀ կառավարությունը նաև օգոստոսի 27-ին որոշել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







