ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ-ին։ Նա այս մասին գրել է Truth Social-ի էջում։
Նախագահը հրապարակել է նեղուցի լուսանկարը, որի վրա գրված է՝ «ԱՄՆ նոր տարածք»։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Հորմուզի նեղուցն իր պատվին վերանվանելու հարցը՝ այն անվանելով «Թրամփի նեղուց»։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկն Axios-ին հայտնել է, որ Իրանը կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, և այն այժմ գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։
Ամերիկացի որոշ պաշտոնյաների խոսքով՝ Հորմուզի նեղուցի մեծ մասը մաքրվել է ականներից, իսկ վերջին շաբաթներին «ավելի շատ լցանավեր անցել են նեղուցի հարավային մասով»։ Axios-ը նշել է, որ դա «զգալիորեն նվազեցնում է» Իրանի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Իրանի գլխավոր ռազմական հրամանատար Մոհսեն Ռեզաին Al Jazeera-ի եթերում հայտարարել է, որ Թեհրանը Մեքսիկական նեղուցի և Պարսից ծոցի որոշ հատվածների շուրջ կհայտարարի սահմանափակ գոտի, որտեղ նավեր կտեղակայվեն պատժամիջոցների ցուցակում ներառվելու ենթակա տարածքում։
Ռեզային նաև ասել է, որ Թեհրանն «առաջիկա օրերին» Հորմուզի նեղուցի մոտ արգելված գոտի կհայտարարի և կհանրայնացնի Օմանի հետ համաձայնեցված նավագնացության ջրային նոր երթուղին։
Գեներալ-մայորը հավելել է, որ Թրամփի պնդումը, թե նեղուցը բաց է, մեծ սուտ է։ Նա նշել է, որ Իրանը տեսնում և հարվածում է ամերիկյան մաքսանենգ նավերին։ Ըստ նրա՝ ամերիկացիները փորձում են մեծ գումարներ ծախսելով 5-6 նավ անցկացնել այդ տարածքով, և այդ նավերը, սովորաբար, հարվածի են ենթարկվում։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին ԱՄՆ կառավարության՝ Հորմուզի նեղուցի ականազերծման մասին պնդումները որակել է որպես «քարոզչական սուտ»։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն սկսվել էին փետրվարի 28-ին։ Հունիսին կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնության էին հասել։ Հուլիսից հակամարտությունը կրկին սրվել էր՝ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների ու Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







