«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց և Crew-13 առաքելության պահեստային անդամ Հարություն Կիվիրյանը հաջողությամբ հանձնել է համալիր մարզումների քննությունը՝ ավարտելով նախապատրաստական վերջին փուլը, հայտնել է Տիեզերագնացների մարզման կենտրոնը (CTC)։
Տիեզերագնացի խոսքով՝ մարզումները համակարգվում են «Ռոսկոսմոս»-ի և NASA-ի միջև, ինչի շնորհիվ դրանց փուլերն ու բովանդակությունը մեծապես համընկնում են։
Ռուսական անձնակազմի անդամները խորացված գիտելիքներ են ստանում Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ռուսական հատվածի համակարգերի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտակարգ իրավիճակներին արձագանքելուն և ամերիկյան անձնակազմի հետ փոխգործակցությանը։
«Մեր կենտրոնում մարզումների ընթացքում ներառում ենք բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակները, ուստի ես պատրաստ եմ գործել տարբեր պայմաններում և ցանկացած տիեզերական համակարգով։ Ես չէի ցանկանա թռիչքի ընթացքում բախվել արտակարգ իրավիճակների, բայց մենք պատրաստ ենք դրանց»,- քննությունից առաջ նշել է Կիվիրյանը։
Կիվիրյանի աշխատանքային օրը, ստանդարտ գրաֆիկի համաձայն, տևել է 8 ժամ։ Այդ ընթացքում նա միացրել է Electron թթվածնի մատակարարման համակարգերը, անցել բժշկական զննում, իրականացրել BTN-Neutron-2 փորձը, ձայնագրել հեռուստատեսային հաղորդագրություն և կապ հաստատել Երկրի հետ։
Քննական փուլի ընթացքում տիեզերագնացը հաջողությամբ հաղթահարել է նաև մի շարք մոդելավորված արտակարգ իրավիճակներ՝ ՄՏԿ-ի ռուսական և ամերիկյան հատվածների միջև կապի կորուստ, «Նաուկա» լաբորատոր մոդուլի Electron համակարգի էլեկտրամագնիսական փականի խափանում, ռուսական հատվածի ներքին համակարգչային ցանցի խափանում և հրդեհ ՄՏԿ-ի ռուսական հատվածում։
Հարություն Կիվիրյանը հաջողությամբ կատարել է իրեն հանձնարարված բոլոր առաջադրանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







