Թուրքիայի կողմից վերահսկվող Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավ է խորտակվել, որի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 18-ը համարվում է անհետ կորած, հայտնում է The Guardian-ը։
Գրեթե 270 ուղևոր և անձնակազմի անդամ տեղափոխող լաստանավը, որը Կիրենիայից ուղևորվում էր Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ, խորտակվել է։
Փրկարարները ջրից դուրս են բերել 237 մարդու։ Լաստանավը խորտակվել է 514 մետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ ուղևորների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ և կիպրոսցի թուրքեր են:
1974 թվականի հուլիսի 15-ի Հունաստանի հետ միավորման կողմնակիցները կազմակերպել էին ռազմական հեղաշրջում, որից հետո Թուրքիան ռազմական գործողություն էր սկսել կղզում և վերահսկողություն հաստատել հյուսիսային հատվածի նկատմամբ։ Կրակի դադարեցման գծի երկայնքով ստեղծվել է ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտի, որը հայտնի է որպես «Կանաչ գիծ»։
1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվել էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչել է միայն Թուրքիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 541-րդ բանաձևով այդ հռչակումը իրավական ուժ չունեցող էր ճանաչել և պետություններին կոչ արել չճանաչել այդ կազմավորումը։ Միջազգային հանրությունը Կիպրոսի Հանրապետությունը ճանաչում է որպես ամբողջ կղզու օրինական պետություն, թեև երկրի կառավարությունը, փաստացի, չի վերահսկում կղզու հյուսիսային հատվածը։ Այդ տարածքում ԵՄ օրենսդրության կիրառումը ժամանակավորապես կասեցվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







