Երևանը երբեք չի միանա Եվրամիությանը, բայց կվատթարացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության, այդ թվում՝ Մոսկվայի հետ, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Հստակ է, որ Հայաստանը երբեք չի միանա Եվրամիությանը, որը տառապում է քրոնիկ հիվանդություններով, բայց երկար ժամանակով կվատթարացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ»,- նշել է քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ դա ՀՀ իշխանությունների «շիզոիդային նկրտումների գինն է», որը, նրա գնահատմամբ, խորապես խճճված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ Առաքելական եկեղեցու «սատանայական հալածանքների» մեջ։
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի մտահոգությունների առիթ է դարձել, սակայն խորքային պատճառն այլ է։ Նրա խոսքով՝ «հիմնարար պատճառը» Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սկսված վերափոխումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






