Ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը հաղթել են մրցակիցներին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
77 կգ քաշային կարգում հանդես եկող Տերտերյանն ու 87 կգ քաշային Պետրոսյանը դուրս են եկել առաջնության կիսաեզրափակիչ։
Տերտերյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Զալան Տոպլակին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Գեորգի Գոգելավշվիլին։ Պետրոսյանը քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Ամիրհոսեյն Նեմատզադեի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Պետրոսյանը կմրցի Ավստրիայի ներկայացուցիչ Պոլ Մայերի հետ։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ), Մարատ Աճեմյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Յուրիկ Մխիթարյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (82 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (130 կգ)։ Ազատ ոճում Հայաստանը ներկայացնում են Սաշա Պետրոսյանը (57 կգ), Գագիկ Ղազարյանը (61 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։ Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը 50 կգ քաշային Սերինե Դիանան է։ Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 16-23-ը։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







