«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո վեճը շարունակվեց ԱԺ միջանցքում։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ղազարյանը 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զարգացումները կապել է իշխանությունների վարած քաղաքականության հետ՝ հիշատակելով 2021 և 2022 թվականների ռազմական բախումները, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները և Տավուշում սահմանազատման գործընթացը։
«Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»,- հայտարարել է նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ իր քեռու մասին հարցին ի պատասխան՝ Ղազարյանը հիշեցրել է, որ քեռու թոռը՝ Աղաջան Ջանոյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Պատգամավորը նշել է, որ իր ազգականը բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր։
«Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- հայտարարել է Ղազարյանը։
Ելույթից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը նկատողություն է արել Ղազարյանին, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին կոչ է արել «կարգի հրավիրել նրան»՝ զգուշացնելով, որ նման հայտարարությունների շարունակության դեպքում պատգամավորին կհեռացնեն դահլիճից։
«Հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են, և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ շենքից»,- ընդդիմադիր պատգամավորին ասել է Կոնջորյանը։
Դրանից հետո հայտարարվել է 20 րոպեանոց ընդմիջում։ Իշխանության և ընդդիմության պատգամավորների վեճը ընդմիջման ընթացքում շարունակվել է ԱԺ միջանցքում։ Դահլիճը լքել է նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Կարապետյանը հետագայում հայտարարել է, որ մինչև Ղազարյանի ելույթը դահլիճում որևէ միջադեպ չի եղել։ Նրա խոսքով՝ պատգամավորի ելույթում հնչել է խնդրահարույց որակում, ինչին երկու կողմերից էլ արձագանքներ են եղել։
Կարապետյանն ընդունել է, որ Ղազարյանի ձևակերպումը բարեկրթության նորմերի տեսանկյունից խնդրահարույց էր։ Միաժամանակ նա նշել է, որ տեղի ունեցածը մեծ միջադեպ չի համարում՝ այն բնորոշելով որպես «էմոցիոնալ պոռթկում»։ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանը» մտադիր է խորհրդարանում պահպանել բարեկրթության նորմերը։
«Տեղի է ունեցել իրավիճակ, որն իրոք արտառոց է, և մենք պետք է հանդիպենք խմբակցության կազմով՝ այն քննարկելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։
Իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Ղազարյանին պետք է «կարգի հրավիրել», Կարապետյանը կոչ է արել նման խորհուրդներ չտալ։ Նրա խոսքով՝ իշխանական խմբակցությունում նույնպես կան պատգամավորներ, որոնց վարքը ընդդիմությունը խնդրահարույց է համարում։
Պարզաբանումներից հետո իշխանական խմբակցության ներկայացուցիչները շարունակել են այս թեման բարձրացնել ԱԺ նիստերի ընթացքում։
Օգոստոսի 6-ին ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը բարձրացրել էր Ղազարյանի՝ 2024 թվականին արած հայտարարության հարցը։ Այն ժամանակ Ղազարյանը, անդրադառնալով ականազերծման ժամանակ հայ զինծառայողների վիրավորվելու դեպքերին, ասել էր․ «Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»։
Աղաջանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին հարցրել էր, թե այդ հայտարարությունից հետո ինչու է Ղազարյանն ընդգրկվել դաշինքի ընտրական ցուցակում և արդյոք նա չպետք է վայր դնի պատգամավորական մանդատը։
Վարդևանյանը պատասխանել էր, որ Ղազարյանն այդ խոսքերն ասել է դաշինքին միանալուց երկու տարի առաջ, և պատրաստակամություն հայտնել ներողություն խնդրել զինծառայողներից, եթե իր հայտարարությունը վիրավորել է նրանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







