Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում օգոստոսի 17-18-ին կանցկացվի «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ցուցահանդեսին կմասնակցեն տեքստիլ մշակույթի վարպետներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից։
Ցուցահանդեսի գաղափարը ծագել է 2025 թվականին Պլովդիվում կայացած Սոֆիայի կենտրոնի Գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Առաջարկն արել է Հայաստանը։
Ցուցահանդեսը նպատակ ունի արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ձևավորելու մասնագիտական նոր կապեր, խթանելու փորձի փոխանակումն ու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև աշխուժացնելու Դիլիջանի մշակութային կյանքը և հանրահռչակելու թանգարանի գործունեությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







