Իտալական «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կարիերայում դեռ ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Չեմպիոնների լիգան։ Դա է։ Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան։ Երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վերջիվերջո հաջողվի»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիերայում։ Նրա խոսքով՝ նման որոշում հնարավոր կլինի ընդունել միայն մրցաշրջանի ավարտին՝ գնահատելով իր ֆիզիկական վիճակը։ Մխիթարյանը նաև հայտնել է, որ «Ինտերում» մնալու համար մարզիչ Քրիստիան Կիվուից որևէ երաշխիք չի ստացել և թիմում իր տեղը պետք է ապացուցի խաղադաշտում։
Փետրվարին հայտնի էր դարձել, որ «Ինտերը» մտադիր է երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիս։ Այդ պահին նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մայիսին Մխիթարյանն անցկացրել էր պրոֆեսիոնալ կարիերայի 900-րդ պաշտոնական հանդիպումը։ Նա կարիերայի ընթացքում նվաճել է 28 խոշոր տիտղոս, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի և Իտալիայի չեմպիոնական գավաթները, ինչպես նաև Եվրոպա լիգան, Կոնֆերենցիաների լիգան և մի շարք ազգային գավաթներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







