Իտալական «Ինտերի» հանդիպումն «Էլլաս Վերոնայի» դեմ դարձել է իտալական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պրոֆեսիոնալ կարիերայի 900-րդ պաշտոնական խաղը, հայտնել է BBC-ն։
Ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է ակումբային և միջազգային բարձր մակարդակներում գրեթե երկու տասնամյակ տևած ելույթների արդյունքում։
900 հանդիպումների թվում ներառված են խաղերը «Փյունիկի», «Մետալուրգի», Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Ռոմայի», «Ինտերի», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը նվաճել է 28 խոշոր տիտղոս, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի և Իտալիայի չեմպիոնական գավաթները։ Նրա հաջողությունների ցանկում են նաև հաղթանակներն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում, Անգլիայի գավաթում, Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթում, ինչպես նաև Անգլիայի, Իտալիայի գավաթների և սուպերգավաթների խաղարկություններում։
Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է և համարվում է բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր հայ մարզիկներից մեկը։ 37 տարեկանում ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Ինտերի» առանցքային խաղացողներից մեկը։




































