Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական հաստատումը կապել է երկու երկրներում «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի մասին հռետորաբանությունից հրաժարվելու հետ։
Այս մասին ասվում է նրա ուղերձում, որը նա հղել է Վաշինգտոնում Խաղաղության համաձայնագրի և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծի ստորագրման մեկ տարվա կապակցությամբ։
«Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ նման հռետորաբանությունն ուղղված է խաղաղության խափարմանը։
Փաշինյանի համոզմամբ՝ TRIPP նախագիծն օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ «որպես ճանապարհ, որպես դրացի»։ Նա հավաստիացրել է, որ առաջիկայում կսկսվի TRIPP նախագծի գործնական իրականացումը։
Վարչապետը նաև նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին դեռ պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։
«Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է այն, որ մեր հայրենակիցները շարունակում են մնալ անազատության մեջ Ադրբեջանում»,- հայտարարել է վարչապետը։
Ընդ որում, վարչապետը չի հստակեցրել, թե որ գործընթացների կամ պայմանավորվածությունների շրջանակում են իշխանությունները ակնկալում լուծել հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի տարածքների հարցը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2026 թվականի հունվարին հաստատել էին TRIPP-ի իրականացման շրջանակի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը։
Հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ստեղծած TRIPP+ ներդրումային հիմնադրամը կգլխավորի ռուս-ամերիկյան ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Հիմնադրամը նախատեսված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական օգտակար հանածոների և մասնավոր հատվածի նախագծերի ֆինանսավորման համար։ ԱՄՆ-ն սկզբնական փուլում հիմնադրամին նախատեսում էր հատկացնել ավելի քան 200 մլն դոլար, իսկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ արդեն ապահովվել է շուրջ 400 մլն դոլար ֆինանսավորում։
Հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ-ի հետ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են նաև ներպետական իրավական ընթացակարգեր։
Օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել TRIPP-ի շրջանակային համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Գործի քննությունը նշանակվել է սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







