ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այն կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին։
Նշվում է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Միրզոյանը և Ռուբիոն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
Հանդիպումից առաջ Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP համաձայնագիրը կարող է դառնալ երկիրը տնտեսական գործունեության և բարգավաճման համար բացելու «մոդել աշխարհի համար»՝ առանց խաթարելու նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա նշել է, որ կողմերը կշարունակեն աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ, որը «գերազանց օրինակ» է:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը Հայաստանը բաց է դարձնում բիզնեսի համար և թույլ է տալիս նրան տնտեսապես ծաղկել՝ առանց խախտելու երկրի ինքնիշխանությունը: Ռուբիոն նաև Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները բնութագրել է որպես «ամուր»՝ նշելով, որ դրանք շարունակում են ամրապնդվել Վաշինգտոնի համաձայնագրերի շնորհիվ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






