Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, տեղեկացրել է Միրզոյանը։
Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր մայիսի 26-ին Ռուբիոյի՝ ՀՀ այցի ժամանակ, նախատեսում է TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի տարածքում՝ որպես տարածաշրջանային տարանցիկ և ենթակառուցվածքային միջանցք (TRIPP վերաբերում է այն տարանցիկ ուղուն, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով-խմբ․):
Միրզոյանը հավելել է, որ Ռուբիոն է նախ ստորագրել փաստաթղթերը, որոնք հետո առաքվել են Հայաստան։ Ռուբիոն ավելի ուշ վերահաստատել է, որ ստորագրել է համաձայնագիրը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է»,- համաձայնագրի ստորագրումն այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև նշել է, որ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի համար կստեղծի տնտեսական նոր հնարավորություններ։
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ կառավարության կողմից ստեղծվող կառույցին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը կստանա նախագծի իրականացման և կառավարման լայն լիազորություններ, իսկ նախնական ժամկետը կկազմի 49 տարի՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ։
Միաժամանակ՝ փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։ Ըստ համաձայնագրի՝ սահմանային վերահսկողությունը, մաքսային գործառույթները, իրավապահ գործունեությունը և անվտանգության ապահովումը շարունակում են մնալ հայկական պետական մարմինների պատասխանատվության ներքո։
Փաստաթուղթը նաև նախատեսում է հարկային և ներդրումային մի շարք արտոնություններ TRIPP-ի զարգացման ընկերության և դրա դուստր կառույցների համար, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը ֆինանսավորման ներգրավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և նախագծի իրականացման հարցերում։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից:
Թարմացված է՝ 4.05.2026 | 12։16






































