Հայերը ճանաչում և մեծապես հարգում էին Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Այս մասին նա ասել է իրանական Al-Waght պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակել է ABNA գործակալությունը։
Ապրեսյանն այցելել է Թեհրան՝ իրանցի ժողովրդին ցավակցություն հայտնելու համար։ Նրա խոսքով՝ մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում Իրանի հետ բազմամյա կապերի շրջանակում հետևել է Խամենեիի գործունեությանը և բարձր գնահատել նրա «ինտելեկտը, հեռատեսությունն ու ռացիոնալությունը»։
«Գրեթե բոլոր հայերը ճանաչում և խորապես հարգում էին նրան։ Նա ականավոր և հարգված անձնավորություն էր հայ հասարակության համար»,- հայտարարել է Ապրեսյանը։
Ըստ նրա՝ Խամենեին աջակցում էր հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, ինչը դրականորեն էր անդրադառնում երկու երկրների միջև կապերի վրա։
Խոսելով հետագա համագործակցության մասին՝ Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարը հայտնել է, որ 2026 թվականին Իրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական համատեղ հինգերորդ մշակութային փառատոնը։ Ապրեսյանը նաև կոչ է արել հեշտացնել Հայաստանի և Իրանի փոխադարձ ուղևորությունները, զարգացնել զբոսաշրջային փոխանակումը և ամրապնդել առևտրային ու տրանսպորտային միջանցքները։
Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։ Թեհրանը պաշտոնապես հաստատել էր նրա մահը մարտի 1-ին։ Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Գերագույն առաջնորդն սպանվել է իր նստավայրում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավակցություն հայտնելով Խամենեիի զոհվելու կապակցությամբ՝ հայտարարել էր, որ Երևանում կհիշեն Իրանի գերագույն առաջնորդի անձնական դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։
2024 թվականի հուլիսին Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը, այսպես կոչված, «Զանգեզուրի երթուղին» անվանել էր վնասակար Հայաստանի համար և վերահաստատել Թեհրանի շահագրգռվածությունը Երևանի հետ հարաբերությունների զարգացման հարցում։
2025 թվականի օգոստոսին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կողմերը նաև ընդգծել էին ընդհանուր սահմանի պահպանման և անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության կարևորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







